Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ինչպե՞ս դիմահարդարվել երեկոյան

Ինչպե՞ս դիմահարդարվել երեկոյան

Երեկոյան դիմահարդարումը՝ նախատեսված լինի այն պատվավոր ընթրիքի, պաշտոնական ընդունելության, թե պարզապես լավագույն ընկերների հետ երեկույթի համար, կոչված է` առաջին հերթին Ձեր էլեգանտությունն ու նրբագեղությունն ընդգծելու:Դրա համար, ինչպես հասկանում եք, պետք է շատ ջանք գործադրել: Երեկոյան եւ ցանկացած դիմահարդարման մեջ ամենակարեվորը մաշկի երանգն է: Գեղեցիկ, հարթ մաշկը հաջող դիմահարդարման կարեւոր պայմաններից մեկն է:

 

Շտկող միջոց

 

Սկզբում ընտրեք ձեզ համապատասխան շտկող միջոցը՝ դիմահարդարման տակից: Մաշկի կարմրությունն ու անհարթությունները չեզոքացնելու համար օգտագործեք կանաչավուն երանգով շտկող միջոց: Մաշկի դեղնավուն երանգը կարելի է չեզոքացնել`բաց մանուշակագույնով (մանուշակագույնն ու դեղինը, ինչպես նաեւ կարմիրն ու կանաչը հակադիր գույներ են եւ չեզոքացնում են միմյանց):

 

Բնական ամինաթթուներով հարուստ միջոցները շատ հարմար են պրոբլեմատիկ ջրազրկված մաշկի համար: Մաշկի խնամքի համար գոյություն ունեն նաեւ հատուկ միջոցներ, որոնք պարունակում են արտոնագրված բուժիչ բաղադրիչներ, օրինակ՝ լիպոդերմոլ, որն օժտված է արտահայտված խոնավեցնող հատկությամբ: Շտկող միջոց օգտագործելիս, նրա վրայից քսվող տոնային կրեմն ավելի հարթ է նստում:

 

Տոնային կրեմ

 

Երեկոյան դիմահարդարման համար կիրառվող տոնային կրեմը կարող է սովորականից մի փոքր մուգ կամ բաց լինել: Անպայման պետք է հաշվի առնել նաեւ լուսավորությունը: Վառ էլեկտրական լույսի տակ ցանկալի է օգտագործել Ձեր մաշկի բնական գույնից ավելի մուգ տոնային կրեմ, իսկ մոմերի մեղմ լույսի դեպքում Ձեզ ավելի լավ տեսք կհաղորդի մաշկի բնական գույնից մի փոքր բաց տոնային կրեմը: Իդեալական է համարվում օվալաձեւ դեմքը: Ուստի դիմահարդարները խորհուրդ են տալիս դեմքի վրա մտովի օվալ նկարել եւ ամենահագեցած երանգով մգացնել օվալից դուրս եկող մասերը:

 

Դիմափոշի

 

Երեկոյան դիմահարդարման համար օգտագործեք ոսկեփայլ դիմափոշի՝ Ձեր տոնային կրեմից մեկ տոն բաց: Ցանկալի է, որ Ձեր դիմափոշին լինի ոչ թե կոմպակտ, այլ՝ փոշու ձեւով: Այս դիմափոշին լայն վրձինով կարող եք հավասարաչափ տարածել դեմքին՝ թողնելով, որ մաշկը շնչի:

 

Կարմրաներկ

 

Երեկոյան դիմահարդարումն արտահայտիչ կդարձնի ճիշտ ընտրված կարմրաներկը, առանց որի Ձեր կերպարը թերի կմնա: Երեկոյան կարմրաներկը պետք է ավելի հագեցած գույն եւ փայլ ունենա, քան ցերեկը: Կարմրաներկի գույնն ընտրելիս հաշվի առեք ձեր մազերի գույնը: Այսպես.

Շիկահերները կարող են օգտագործել ցանկացած գույնի կարմրաներկ, որը պետք է շատ լավ բացել-տարածել:

Շիկակարմիր մազերով կանայք պետք է խուսափեն շատ վառ եւ մուգ երանգներից, որ դիմահարդարումը վուլգառ չստացվի: Բացի այդ նրանց հակացուցված են վարդագույնի երանգները:

Թխահերները ցանկալի է օգտագործեն բեժ, շագանակագույն եւ նարնջա-վարդագույն երանգներ: Արեւելյան արտաքինով կանայք պետք է օգտագործեն վարդագույն եւ շիկակարմիր-դարչնագույն կարմրաներկ: Եթե մաշկի բնական գույնը շատ թուխ է, ապա կարմրաներկը եւս պետք է բավական մուգ լինի:

 

Հոնքերը

 

Աչքերի դիմահարդարումը պետք է սկսել հոնքերից: Եթե Ձեր ցերեկային դիմահարդարման ժամանակ Դուք սովորել եք աշխատել առանց հոնքերի համար նախատեսված մատիտի, ապա երեկոյան դիմահարդարման ժամանակ ընդգծված հոնքերը շատ էլեգանտ տեսք կունենան: Հոնքերի մատիտն ընտրում են մազերի գույնին համապատասխան կամ մի փոքր ավելի մուգ: Հոնքերը ներկեք մատիտի թեթեւ հարվածներով, շարժվեք կենտրոնական մասից դեպի հոնքի դրսային եւ ներսային եզրերը, վերջում տարածեք:

 

Կոպերը

 

Եթե գործնական դիմահարդարման համար ցանկալի է ընտրել անփայլ երանգով ստվերաներկեր, ապա երեկոյան դիմահարդարման համար նախընտրելի են շքեղ, փայփլուն, վառ եւ համարձակ գույները: Որպեսզի ստվերաներկն ավելի լավ պահպանվի, ամբողջ կոպին քսեք շտկող միջոցը, իսկ վրայից՝ դիմափոշին: Ստորին կոպի վրա դիմափոշին ավելի շատ արեք, որ հեշտությամբ հեռացնեք ստվերաներկի եւ տուշի մնացորդները:

Ամենաբաց գույնի ստվերաներկն օգտագործեք որպես աչքերի դիմահարդարման հիմք, ամենամուգը կիրառեք աչքերը եզրագծելու համար: Իսկ հեղուկ ստվերաներկով երեկոյան դիմահարդարումն է՛լ ավելի շքեղ տեսք է ստանում, հատկապես, որ նրանով կարող եք արեւելյան երանգ հաղորդել Ձեր դիմահարդարմանը:

 

Թարթիչները

 

Դիմահարդարման վերջին ակորդն իհարկե թարթիչներն են: Երեկոյան դիմահարդարման ժամանակ գեղեցիկ են՝ խիտ, երկար, մի խոսքով չափազանցված թարթիչները: Հանգիստ կարող եք քսել տուշը երկու-երեք շերտով կամ օգտվել արհեստական թարթիչներից:

 

Շուրթերը

 

Ձեր շուրթերի գրավչությունն ու ճոխությունն ընդգծելու համար օգտագործեք հյութեղ գույներ՝ վառ կարմիր, մորեգույն, վարդագույն: Բայց, եթե ընդգծել եք աչքերը, ապա ճիշտ կլինի ընտրել հանգիստ գույնի շրթներկ կամ օգտագործել նրբերանգ փայլ շուրթերի համար:

 

Բայց ամենակարեւորը՝ վստահեք Ձեր զգացողությանն ու ճաշակին: Չէ որ երեկոյի հաջողությունը կախված է հիմնականում նրանից, թե ինչպես Ձեզ կզգաք երեկոյան հագուստով ու դիմահարդարմամբ :

 

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ